ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի կապակցությամբ, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը:
Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք:
Ներկաներին ողջունեց և ցուցահանդեսի բացումն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Զավեն Խտըշյան անունը շատ հայտնի է Մերձավոր Արևելքում, Ֆրանսիայում, հայ համայնքներում, սակայն նա առաջին անգամ է Հայաստանում և հանդես է գալիս ցուցադրությամբ»,-նշեց Հակոբյանը: Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար:
Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ., Բեյրութում: Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում և Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցում: Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը` Լիբանանում, Գարեգին Նժդեհի և Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրիները, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:
Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է: 1976թ. Ֆրանսիայի հանրահայտ Larousse հրատարակչությունը լույս է ընծայել L’art et le monde moderne` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է Զավեն Խտըշյանի անունը:
2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:






