Եվրամիության հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում Արևելյան գործընկերության երկրների, բեկումնային փուլում են, ասել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում:
«Արևելյան գործընկերների հետ մեր հարաբերությունների հիմնական գերակայությունը արդյունավետ լայնածավալ ծրագրի իրագործումն է, որն ընդունվել է Վարշավայի Արևելյան գործընկերության գագաթաժողովում 2011թ. սեպտեմբերի 29-30: Մենք առաջարկել ենք մեր գործընկերներին սերտ քաղաքական ասոցիացիա և խորը տնտեսական համագործակցություն»,-ասել է Ֆյուլեն:
«Ադրբեջանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, մենք մտադիր ենք առավելագույնս արագացնել դրանց ընթացքը, որպեսզի ԱՀ հաջորդ գագաթաժողովի ժամանակ 2013թ. աշնանը մենք մոտ լինենք դրանց ավարտին և նույնիսկ վավերացմանը»,-ասել է նա:
Ըստ Ֆյուլեի, մի քանի տարվա լճացումից հետո, այժմ տարածաշրջանում գնալով արմատանում է ժողովրդավարությունը, բարելավվում է իրավիճալը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:
«12 ամիսների ընթացքում ԵՄ-ն հսկայական աշխատանք է տարել: Մենք ադապտացրել ենք մեր քաղաքականության գործիքները, ավելացրել ենք ֆինանսական աջակցությունը՝ 600 մլն եվրո, երկխոսություն ենք սկսել բնակչության շարժունակության շուրջ»,-ասել է Եվրահանձնաժողովի անդամը: