Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ինչպես երեկ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ռիչարդ Բաուչերը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, զրույցի ընթացքում Ք. Փաուելը կոչ է արել Անկարային անսալ ԱՄՆ-ի խորհրդին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, տվյալ հարցը ընդգրկելվել է հանդիպման օրակարգում մի շարք սենատորների եւ կոնգրեսականների պահանջով: Մանավորապես, սենատոր Ջորջ Ալլենը ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը խախտում է ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների նորմերը:






