AM
22 Հունիս 2012 - 11:56 AMT

Vilnius Brass խումբը Լիտվայից ելույթ կունենա Երևանում

Լիտվայի Հանրապետության օրվա կապակցությամբ` Երևանում անցկացվելու է «Vilnius Brass և ընկերներ» համերգային նախագիծը, որի ընթացքում հունիսի 29-ին Ազատության հրապարակում և 30-ին Հաղթանակի զբոսայգում տեղի կունենա Հայաստանի երաժիշտների և Vilnius Brass փողային կվինտետի համատեղ համերգը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Vilnius Brass կվինտետի անդամների` Իգոր Կրամարևի, Լաուրինաս Լապեի, Զիգմանտաս Աուգայտիսի, Մարյուս Բալչիտիսի, Սերգիյուս Կիրսենկայի համատեղ գործունեությունը սկիզբ է առել դեռևս Լիտվայի երաժշտական ակադեմիայում ուսանելու տարիներին և շարունակվում է մինչ օրս: Vilnius Brass կվինտետը բազմաթիվ համերգներ է ունեցել Սկանդինավյան երկրներում, մասնակցելով հեղինակային փառատոների և փողային գործիքների երաժիշտների սեմինարների: Կվինտետի երգացանկում ներառված են տարբեր դարաշրջանների և բազմաբնույթ ժանրերի ստեղծագործություններ: