AM
25 Հունիս 2012 - 07:44 AMT

Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնելու է «Մետաքսից դեպի կտավ» ցուցահանդեսը

Հունիսի 30-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվելու է Մարի Ադամյանի «Մետաքսից դեպի կտավ» ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին թանգարանից, Մարի Ադամյանը ժամանակակից այն արվեստագետներից է, որն աշխատում է տարբեր ժանրերում և տարբեր նկարչական տեխնիկաներով՝ սկսած մետաքսի նկարազարդումից մինչև գեղանկարչություն կտավի վրա:

Նրա մետաքսի վրա կատարված աշխատանքները առանձնանում են եթերային տրամադրությամբ, թեև կատարված են պայծառ, վառ գույներով, նրանք լի են լավատեսությամբ և ջերմությամբ:

Գրաֆիկական աշխատանքները, ընդհակառակը, խիստ, շատ անգամ մոնոքրոմ գունային լուծումներ ունեն։

Յուղաներկով արված գեղանկարչական աշխատանքներում, որոնք հիմնականում նատյուրմորտներ են, պատկերված է մեզ շրջապատող բնության պարզ գեղեցկությունը` կրկին վառ և համարձակ գույներով։

Նկարչուհին ունեցել է չորս անհատական ցուցահանդես Երևանում, սակայն այս ցուցահանդեսը առանձնանում է աշխատանքների բազմաժանրությամբ և տարբեր նկարչական տեխնիկաների օգտագործմամբ: Ցուցադրությունն ուղեկցվելու է նկարչուհու ստեղծագործական աշխարհը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրությամբ: Ավարտին՝ հնչելու է «Արահետ» երգչախմբի համերգը:

2003 թ.-ից առ այսօր նկարչուհին մասնակցել է 38 խմբակային ցուցահանդեսների` ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Անգլիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, այս օրերին` նաև Ռումինիայում անցկացվող Միջազգային գրաֆիկական բիենալեին, որտեղ Հայաստանը ներկայացնող առաջին հայ մասնակիցն է։

Մարի Ադամյանը Հայաստանի նկարիչների միության և Մետաքսի նկարիչների միջազգային կազմակերպության անդամ է։