Պարի խմբակների պահանջարկը մեծ է, բայց լավ կլինի, որ այդ պահանջարկի հետ լինի նաև որակ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ, միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյան: Նրա խոսքով, ճիշտ կլինի, որ ծնողը երեխային պարի խմբակ տանելուց, վստահ լինի, որ պարուսույցը լավն է, չի վնասի երեխային և կտա մասնագիտական գիտելիքներ: Պարուսույցը խորհուրդ է տալիս ծնողներին հետաքրքրվել, թե կոնկրետ ով է պարուսույցը, ու ՞ նի համապատասխան կրթություն, թե ոչ: «Ծնողները թող չամաչեն հարցնեն, անունի վրա չգնան, ինչը հաճախ է լինում», խոստովանեց նա:
Ինչ վերաբերում է այսօր Հայաստանում ազգային պարերի պահանջարկին, Զաքարյանը նշեց, որ ժամանակակից դարում ենք ապրում, համացանցն ինֆորմացիան շատ մատչելի է դարձնում: Մարդիկ տեսնում են ինչ կա աշխարհում, դա էլ ուզում են սովորել: Բայց լինելով նախկինում ազգային պարերի կատարող, Զաքարյանն ասաց. «ամեն հայ առաջին հերթին պետք է իր արմատների մասին խոսի, դա իր ազգային արվեստն է: Եթե չգիտես քո ազգային պարը, ոչնչություն ես: Պետք է քայլես ժամանակի հետ, չմոռանալով ազգայինի մասին»:
Արթուր Զաքարյանի ղեկավարած «Երևան» պարային ստուդիայի սիրողական և պրոֆեսիոնալ խմբերում այսօր սովորում է մոտ 100 աշակերտ:
Զաքարյանը խորհուրդ է տալիս բոլորին պարել, քանի որ պարը շարժում է, իսկ շարժումը կյանք է:






