AM
26 Հունիս 2012 - 06:24 AMT

«Երկիր». ԱԺ հերքում է, թե իր ֆինանսական միջոցները ծախսվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար որպես տույժ

«Երկիր»-ը գրում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ թերթը տեղեկացրել էր, որ ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունքում գանձված գումարով առաջին տեղում պետական հաստատություններն են, առաջին հերթին` ԱԺ-ն:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության և տեղեկատվության միջոցների վարչությունը թերթին ուղղված նամակում նշել է, որ Ազգային ժողովի 2012թ. ֆինանսական միջոցներից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժ և տուգանքների տեսքով որևէ գումար չի ծախսվել. «Եթե ԱԺ-ում աշխատող վարորդների կողմից խախտման դեպքեր արձանագրվում են, ապա վարորդներն իրենք են իրենց հաշվին վճարում համապատասխան տույժ և տուգանքները»:

Թերթը նշում է, որ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաները տրամադրում է ԱԺ-ն, և դա համարվում է ԱԺ-ի գույքը, իսկ խախտման դեպքում ՃՈ-ն ծանուցում է ուղարկում ԱԺ, այլ ոչ թե տվյալ վարորդի հասցեին: Այլ բան է, որ տուգանքը, տղայական կարգով` ներքին պայմանավորվածությամբ, մուծում է խախտում կատարողը: Բայց արդյո՞ք դա է էականը: