AM
26 June 2012 - 14:15 AMT

Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ

(?)Պատմեք մի քիչ ձեր հայկական արմատների մասին

(!)Արմատներս Սեբաստիայից են: Հորս մորական տատը զենքը ձեռքին մասնակցել է թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերին: 1902 թ-ին նա այնուամենայնիվ ընտանիքի` Մանուկյանների հետ տեղափոխվել է ԱՄՆ, բայց նրա ամուսինը` նախապապս, շատերի նման սպանվել է: Շիրինյանները ԱՄՆ են վերաբնակվել 1915-16 թթ-ին:

(?)Ե ՞ րբ հասկացաք, որ ուզում եք երաժիշտ դառնալ

(!)Շատ վաղ տարիքից, 4-5 տարեկանից:

(?)Ո ՞ ր երաժիշտներն են ամենամեծ ազդեցությունը թողել Ձեզ վրա

(!)Չկա կոնկրետ մեկը: Նրանք բավական շատ են: Օրինակ The Beatles, Aerosmith խմբերը, Յան Գիլանը, Էլթոն Ջոնը, ինչպես նաև մի շարք դաշնակահարներ:

(?)Հայկական երաժշտությունից ի ՞ նչ եք նախընտրում լսել

(!)Շատ եմ սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկը: Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է նա նվագում, սիրտս լցվեց:

(?)Ու ՞ մ հետ եք երազում համագործակցել

(!)Մանկուց երազում եմ ելույթ ունենալ կիթառահար Ջեֆ Բեքի հետ: Հույս ունեմ, որ մի օր երազանքս կիրականանա:

(?)Ովքե ՞ ր են այն երաժիշտները, ում հետ երազել եք աշխատել, և իրականացրել եք դա

(!)Շատ-շատերի հետ եմ աշխատել: Ես, իրոք որ, օրհնված եմ, քանի որ կարողանում եմ աշխատել այն երաժիշտների հետ, ում շատ սիրում եմ, և երազել եմ համագործակցել:

(?)Հայ երաժիշտների հետ համագործակցու ՞ մ եք

(!)Առաջին անգամ Դորիանս ռոք խմբի հետ եմ աշխատում, և հուսով եմ, որ նրանք դուրս կգան միջազգային ասպարեզ: Շատ եմ հարգում Սերժ Թանկյանին և System of a Down խմբի գործունեությունը, և հուսով եմ, որ մի օր կաշխատենք միասին:

(?)Երևանից հետո ու ՞ ր եք գնալու

(!)Երևանից անմիջապես մեկնելու եմ Մոսկվա, որտեղից Բիլլի Այդոլի հետ կսկսեմ վեցշաբաթյա հյուրախաղեր Արևմտյան Եվրոպայով: 2013 թ-ի հունվարից կմասնակցեմ Դորիանսի նոր ձայնասկավառակի աշխատանքներին:

(?)Ձեր ընտանիքը պահպանու ՞ մ է հայկական ավանդույթները

(!)Այո, իհարկե: Կինս իրանահայ է, ով հրաշալի տիրապետում է հայերենին, և հայկական ավանդույթներին: Որդիս անգլերենից բացի նաև հայերեն է խոսում: Ես ինքս այժմ սովորում եմ հայերեն: Օրինակ` տղայիս վրա ջղայնանում եմ հայերենով (ծիծաղում է-Ս.Խ.):

(?)Վերջում ի ՞ նչ եք մաղթում Ձեր հայաստանյան երկրպագուներին

(!)Առողջություն, հաջողություն, սեր և ուրախություն: