Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը հանձնվեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին: Մամլո ասուլի ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հանդիսավոր կերպով բնակարանի բանալիները հանձնեց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանին:
ևոն Անանյանը նշեց, որ բնակարանը գնվել է 145 հազար դոլարով, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից, ով նաև հոգացել է բնակարանի հիմնանորոգման աշխատանքների ծախսը: Նրա խոսքով, բնակարանը կդառնա մշակութային մեծ օջախ և կկրի մեծ գրողի անունը:
Թեմի առաջնորդը նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում բնակարանի մյուս մասը գրողի ծոռնուհուց` Ալյոնա Կոլեսնիկովայից, գնելու շուրջ: Նա խոստացավ, որ բնակարանում կիրականացվեն կրթական և մշակութային ծրագրեր, և կշարունակի «Վերնատան» գործը: Եպիսկոպոսն ուրախությամբ նշեց, որ Թբիլիսիում ավելացավ ևս մեկ հայկական օջախ: Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում է 1 հայկական, 2 հայ-վրացական դպրոց, և երկու գործող հայկական եկեղեցիներ: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա աշնանը` հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո:
Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որտեղ Թումանյանն ապրել է 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանն այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով: Լուրեր էին պտտվում, որ բնակարանը ցանկանում է գնել Turan Georgia դիզայներական ընկերությունն իր բանվորների համար: Այնուամենայնիվ, այն ձեռք բերեց Գյումրու քաղաքապետը: