AM
27 June 2012 - 14:18 AMT

Ավստրիայի նախագահը Գարեգին Բ–ին հրավիրել է Ավստրիա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ այսօր` հունիսի 27–ին, ընդունել է Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Ողջունելով Ավստրիայի նախագահի և նրա տիկնոջ այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները զարգանում են և ընդլայնվում` նոր արդյունքներ արձանագրելով երկու երկրների համագործակցության նորօրյա պատմության մեջ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Ավստրիայի նախագահի այցը նոր լիցք պիտի հաղորդի դարերի պատմական սերտ առնչակցություններ ունեցող երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Ավստրիայի հայ համայնքի հանդեպ իշխանությունների կողմից դրսևորվող առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին: Նորին Սրբությունը մաղթել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները նոր արգասավորմամբ առաջընթաց ապրեն և երկու ազգերը` միմյանց աջակից ու զորակից, իրենց առաքելությունն իրականացնեն հանուն մարդկության բարօրության:

Իր հերթին նախագահ Ֆիշերը ուրախություն է հայտնել հանդիպման համար, ապա անդրադարձել Հայաստան իր այցի արդյունավետ ընթացքին և դրական տպավորություններին: Ավստրիայի նախագահը խոսել է նաև Ավստրիայում հայկական եկեղեցու և համայնքի առկայության կարևորության մասին, այնուհետև Ավստրիա այցելելու հրավեր ուղղել Վեհափառ Հայրապետին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլը: