AM
28 Հունիս 2012 - 11:46 AMT

Հուլիսի 7-ին թատերասերների դատին կհանձնվի «Բուրլեսկ» երաժշտական ներկայացումը

Հուլիսի 7-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու երիտասարդ ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանի «Բուրլեսկ» երաժշտական ներկայացման առաջնախաղը: Այն բեմադրվել է Սթիվ Էնթինի սցենարի հիման վրա, և ուղեկցվելու է կենդանի երաժշտությամբ: «Այս սցենարն ընտրել եմ համանուն ֆիլմը դիտելուց հետո: Այն ինձ շատ է դուր եկել, քանի որ այնտեղ կան արվեստի 3 ճյուղեր` երգ, պար և դերասանական արվեստ: Դա դժվարացնում է քո աշխատանքը, քանի որ պետք է ընտրել երեք արվեստին տիրապետող դերասաններ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց ներկայացման ռեժիսորը: Ֆրունզե Գևորգյանի խոսքով, նա զերծ է մնացել ներկայացման մեջ սերիալային դերասաններ ընգրկելուց, քանի որ իր նպատակն այդքան գումար աշխատելը չէ, որքան որակյալ ներկայացում ստեղծելը:

«Ըստ իս, այն դուր կգա հանդիսատեսին, որպես երիտասարդական դինամիկ ներկայացում, 3 արվեստների կենդանի մատուցմամբ»,-հավելեց նա:

Ներկայացման բեմադրությանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Սեպտեմբերից այն ամեն ամիս կցուցադրվի Դրամատիկական թատրոնում: