Հունիսի 29-ին, ժ. 21:00 Երևանի Կասկադ համալիրում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կգտնվեն ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական, մշակութային գործիչներ, մտավորականներ և այլ հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես հայտնում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, բացման արարողության ժամանակ տեղի է ունենալու մեծ համերգ: Ելույթ կունենան պարախմբեր (շուրջ 400 հոգի) Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից, Հորդանանից, Կանադայից, ԱՄՆ-ից:
Ելույթ կունենան ԱՄՆ-ից՝ «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի, Վրաստանից՝ «Ջավախք», Ուկրաինայից «Արմենիա», «Արաքս», ՌԴ-ից՝ «Հայասա», «Արին-Բերդ», «Հայաստանի ծաղիկներ», «Տարոն», Կանադայից՝ «Էրեբունի», Նիժնի Նովգորոդից՝ «Նաիրի» պարախմբերը:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հայ մշակույթի տոն է լինելու Հայրենիքում, եւ շարունակական բնույթ է կրելու: Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվն անցնում է 1300-ը: Առաջին անգամ փառատոնը կազմակերպվում է ոչ թե մեկ շաբաթվա, այլ` 6 ամսվա ընթացքում և բաժանված է ըստ արվեստի ճյուղերի: