Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանը քննադատել է հայկական իշխանությունների վարած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցություններում: «Կարծում եմ` հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում»,- գրել է Օսկանյանը Facebook-ի իր էջում:
Նախկին նախարարի խոսքով` այսօր ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է, «քանի որ սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք»: Նա նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել Կազանի հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջարկած կետերից մեկ կամ երկուսը, Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա»:
Օսկանյանի կարծիքով` հենց ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը:






