AM
2 July 2012 - 09:30 AMT

Մոտ օրերս կսկսվի «Մանկական Եվրատեսիլ-2012» մրցույթի հայտերի ընդունումը

Մոտ օրերս Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կհայտարարի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայտերի ընդունման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին Ամստերդամի HMH համերգասրահում: Այս տարի մրցույթը նշելու է իր 10-ամյակը:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթն անցկացվեց Երևանում` դեկտեմբերի 3-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մրցույթին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ:

Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: 2011թ-ին Հայաստանը ներկայացրեց Դալիթան իր Welcome to Armenia երգով և արժանացավ 5-րդ հորիզոնականին: