Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան կրթական ծրագրի մասին:
Ինչպես հայտնում է կենտրոնի մամլո ծառայությունը, յուրաքանչյուր մրցութային օրվա համար նախատեսված է նվազագույնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք (մասնակից երեխաների տարիքը 12-ից բարձր): Օրվա ծրագիրը բաղկացած է երկու մասից:
Առաջին մասում էքսկուրսավարի ուղեկցությամբ ընտանիքները շրջայց կունենան համապատասխան սրահում և կծանոթանան ցուցադրության մանրամասներին:
Երկրորդ մասում կենտրոնի ստեղծագործական սրահում տեղի կունենա մրցույթը: Մասնակիցներին կտրվեն հարցեր, իսկ ճիշտ պատասխանի համար՝ միավորներ: Առավելագույն միավորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, կստանա համապատասխան մրցանակ և կապահովի իր մասնակցությունը խաղի վերջին փուլում: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ:
Մրցաշարի վերջին փուլում հաղթող ընտանիքին սպասվում է մեծ անակնկալ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտ:
«Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին:Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:






