(?)Ե՞րբ սկսեցիք զբաղվել խմբավարությամբ
(!)19 տարեկանում ծանոթացա դիրիժորական արվեստին: Այդ արվեստը 4 տարի Վիեննայի կոնսերվատորիայում եմ սովորել:
(?)Իսկ ե՞րբ ելույթ ունեցաք առաջին անգամ
(!)Որպես դիրիժոր առաջին անգամ ելույթ ունեցա 21 տարեկանում: Դա միգուցե լավ փորձ էր ինձ համար, բայց ոչ նվագախմբի համար (ժպտում է-Ս.Խ.):
(?)Ինչու՞
(!)Ես իհարկե այդ օրը ղեկավարեցի նվագախումբը: Բայց հասկանու՞մ եք, դիրիժորը զուտ փայտիկով թափահարող չէ: Դու պետք է ի վիճակի լինես կառավարել նվագախումբը: 21 տարեկանում դժվար է: Կոնսերվատորիայի նվագախումբն էր: Նրանք շատ ընկերական էին ինձ հետ, դրա համար էլ համերգն, այնուամենայնիվ, կայացավ:
(?)Դուք բացի այդ, բավական հայտնի դաշնակահար եք: Հաճա՞խ եք ելույթ ունենում դաշնամուրային համերգներով
(!)Այժմ ավելի շատ դիրիժորություն եմ անում, քան նվագում: Տարվա կտրվածքով միայն համերգներիս 10 տոկոսն եմ դաշնամուր նվագելուն տրամադրում:Բայց ես սիրում եմ դաշնամուր, սիրում եմ կամերային երաժշտություն: Ավելի շատ դաշնամուրային համերգներով ելույթ եմ ունեցել 20 տարի առաջ:
(?)Մի քանի անգամ ղեկավարել եք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ի՞նչ կասեք մեր երաժիշտների մասին
(!)Հրաշալի է ղեկավարել ՀՊՖՆ-ն: Այն զուտ գործիքների վրա կատարողների խումբ չէ: Նրանք հրաշալի արտիստներ են, հրաշալի զգում են երաժշտությունը:
(?)Կոմիտասի երաժշտությունը հաճա՞խ եք կատարում
(!)Այդքան հաճախ չեմ նվագում համերգներին, ավելի շատ իմ հաճույքի համար եմ կատարում: Բայց ամեն տարի ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին լարային կազմով ելույթ եմ ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: Շվեյցարացիները սիրում են այն լսել: Նրանք բոլորն էլ նույն զգացողությունն են ապրում` շատ են տպավորվում Կոմիտասի մեղեդիներով: Այն նման է Մոցարտին, այն այնքան կատարյալ է, և անհնար է անտարբեր լինել այդ երաժշտության հանդեպ:
(?)Եվրոպացիները ծանո՞թ են հայկական երաժշտությունը
(!)Հայկական երաժշտությունն այդքան շատ ծանոթ չէ Եվրոպային: Սփյուռքը շատ գիտի Կոմիտասի մասին, բայց ոչ՝ եվրոպացիները: Բեռնում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նվագեցինք Վերդիի «Ռեքվիեմը», որտեղ շատ քաղաքական գործիչներ ու լրագրողներ կային: Նույն համերգին ես ներկայացրի նաև Կոմիտաս: Ներկաներին այն շատ հուզեց:
Խաչատրյանի «Գայանեն» գիտեն բոլորը, հիմա շատ դաշնակահարներ գիտեն նրա «Տոկատան»: Ես ավելի շատ սիրում եմ Կոմիտաս, նա հայ մշակույթի ոգին է: Եվրոպացիները միգուցե լսել են Կոմիտաս, բայց նրան չեն ճանաչում:
(?)Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից դասական երաժշտության մասին
(!)Ժամանակակից երաժշտություն շատ չեմ կատարում: Իմ դարակում ունեմ հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների նոտաներ, բայց նախընտրում եմ ավանդական դասական երաժշտությունը: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից սիրում եմ Միրզոյանի և Աճեմյանի արվեստը:






