AM
5 July 2012 - 09:02 AMT

Հուլիսի 23-ին և 24-ին կկայանա Վարդան Պետրոսյանի «Պարոնայք 50-50» ներկայացման պրեմիերան

Հուլիսի 23-ին և 24-ին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի «Պարոնայք 50-50» ներկայացման պրեմիերան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասանը` հավելելով, որ ներկայացումը համեմված է լինելու քաղաքական հումորով։ Պետրոսյանը, ով վերջերս է ելույթ ունեցել ԱՄՆ–ում, որոշ չափով ներկայացրել է այնտեղ «Պարոնայք 50-50», բայց Հայաստանում ներկայացումը բավական փոփոխված տարբերակով է լինելու։ Պետրոսյանն ուսումնասիրելէ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում` արդյունքում ստեղծելով այս ներկայացումը։

Պետրոսյանը նաև չթաքցրեց, որ ներկայացման մեջ անդրադարձ է կատարել մայիսի 4–ին Հանրապետության հրապարակում պայթած փուչիկներին, ինչպես նաև «Հարսնաքար»–ի վերջին միջադեպին։ Պետրոսյանի խոսքով, դրանք չէին կարող ազդեցություն չունենալ իր ներկայացման վրա։ Սակայն նա նշեց, որ կոնկրետ անձանց մատնացույց անելու համար չէ այդ երևույթներն ընդգրկել ներկայացման մեջ, այլ որպեսզի ցույց տա երկրի և հասարակության վիճակը։