«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպվում է նաև «Կինոլրագրողներ առանց սահմանների» ծրագիրը, որի բացումը տեղի ունեցավ այսօր Անի պլազա հյուրանոցում:
Ծրագրի ընթացքում նախատեսված են գործնական պարապմունքներ կինոլրագրողների, կինոքննադատների և ուսանողների համար Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից:
Մասնակիցները դիմումներ կարող էին ներկայացնել մայիսի 21-ց մինչև հունիսի 10-ը:
«Ծրագրին մասնակցելու ավելի քան 20 հայտ է եկել տարբեր երկրներից։ Մասնակցիներին ընտրելիս հաշվի են առել նաև նրանց գրած հոդվածներն ու անգլերենի իմացությունը, քանի որ պարապմունքներն անցկացվելու են հենց անգլերենով»,- ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
Պարապմունքները կտևեն 3 օր` հուլսի 5-8-ը Երևանում:
Ծրագրի ընթացքում մասնակիցներին կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան կներկայացնի Նիդեռլանդներից ժամանած պրոֆեսիոնալ կինոքննադատ Պետեր վան Բուերենը, ով նշեց. «Հայաստանը նոր անկախացած երկիր է, և ժամանակն է, որ ստեղծի իր կինոն։ Այս փառատոնի նպատակն է զարգացնել կապերը եվրոպական կինոարտադրության հետ և նպաստել հայաստանյան ֆիլմարտադրության զարգացմանը»։
Մասնակիցները կմնան Երևանում ողջ փառատոնի ընթացքում և հնարավորություն կունենան համագործակցելու փառատոնի օրաթերթի և կայքի հետ` գրելով փառատոնի միջոցառումների մասին: