AM
8 Հուլիս 2012 - 12:16 AMT

«Ոսկե ծիրան». Էքզյուպերիի հայտնի հեքիաթի հիման վրա արված ֆիմն արծարծում է Եղեռնի թեման

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված Արմեն Ռոնովի (Մկրտչան) «Իմ փոքրիկ իշխան» ֆիլմն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, չնայած հիմնված է Անտուան Սենտ-Էքզյուպերիի հայտնի հեքիաթի վրա: Ռոնովն, ով կրթությամբ թատերական ռեժիսոր է, ֆիլմում օգտագործել է նաև անիմացիաներ: Նրա խոսքով դա օգտագործվել է, որպեսզի ցեղասպանության թեմայի ընկալումն ավելի հեշտ կլինի և ավելի մեծ լսարան ապահովի: Ֆիլմի պրեմիերան կայացել է մեկ ամիս առաջ, և ներկայացվել է Կաննի կինոփառատոնի շուկայում: Ինքը` ռեժիսորն իր ֆիլմն անվանում է գեղարվեստափաստավավերագրական ֆիլմ:

Ֆիլմում իշխում է ընչաքաղցության ուրվականը, որին պետք է դիմակայեն փոքրիկ իշխանն ու նրա ընկերները: Ֆիլմում նշվում է, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու. ուրախանալ արշալույսով ու մայրամուտով, հիանալ դաշտերի ու ավազուտների գեղեցկությամբ, գնահատել ջրհորի ջուրն ու աստղերի ցոլանքը: Պետք է մտածել աշխարհի քո հարևանների փոքր ու մեծ հոգսերի մասին, մխիթարել նրան, ով արտասվում է քո մոլորակում: Մարդը պետք է զգա իր պատասխանատվությունը` աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: