«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնում ներկայացված Էդուարդ Համբարձումյանի «Առնո» ֆիլմը խնդիր է դրել չանել հերթական կենսագրական գործ կոմպոզիտորի մասին: «Նա մեծ ճանաչում ուներ, և ապրելով Մոսկվայում, ասում էր, որ ապրում է Երևանում, իսկ Մոսկվայում բնակվում է: Նույնն էլ ես եմ»,-մամլո ասուլիսի ժամանակ նշեց ռեժիսորը: «Այն հայ մարդու մասին է, որը ողջ կյանքում մնաց հայ և ազգի նվիրյալ»,-հավելեց նա: Ֆիլմը նկարահանվել է ռուսերեն, ռուսալեզու հայկական հեռուստաընկերության միջոցներով և նախատեսված է սփյուռքի համար:
Ֆիլմում մենք տեսնում ենք այն վայրերը, որտեղ ապրել, սովորել և ստեղծագործել է արվեստագետը: Նրա որդին` Արա Բաբաջանյանը, մի շարք հետաքրքիր և զվարճալի պատմություններ է անում: Բաբաջանյանի մասին հուշեր են պատմում նաև Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Եվտուշենկոն, Իոսիֆ Կոբզոնը, Ներսես Հովհաննիսյանը, Էդուարդ Միրզոյանը և Ալեքսանդր Հարությունյանը:
Ռեժիսորը, խոսելով ֆիլմի արձագանքների մասին, պատմեց, որ արտասահմանցիներն այն ընկալում են որպես շատ բարի և հումորով: Շատերը գալով ցուցադրությունների, ասում էին, որ հայ մարդուն մեկ այլ տեսանկյունից նայեցին: