AM
9 July 2012 - 08:58 AMT

«Ոսկե ծիրան» փառատոնի մասնակիցների թվում է նաև Սերժ Ավետիքյանի որդին

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնում ներկայացված է նաև ֆրանսաբնակ հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդու` Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» ֆիլմը: Երիտասարդ ռեժիսորը մամլո ասուլսի ժամանակ ասաց, որ շատ է կապված հոր հետ և ամբողջովին ոգեշնչված է հոր արտիստիկ էներգետիկայով: Նա խոստովանեց, որ մի պահ անհաջողություն ունեցավ դպրոցում, վերցրեց տեսախցիկը և սկսեց նկարել:

Ֆիլմում 27-ամյա Օլիվյեն վերադառնում է իր մանկության գյուղը` մորից ժառանգած հողը վաճառելու: Նա հույս ունի ավելի մտերմանալ հոր` ձիաբույժ Ժակի հետ: Վերջինս երեք երիտասարդ իրավազանցների է վարձել` գործի մեջ իրեն օգնելու համար, իսկ Օլիվյեի խանդն ու անհանգստությունը ավելի ու ավելի են առաջնային դառնում: Ավետիքյանի խոսքով որդին գտնում է, որ նրա հայրը վատն է, բայց իրականում վատը`որդին է:

Հոր դերը, ֆիլմում, խաղում է Սերժ Ավետիքյանը, որդու դերը` եղբայրը` Հովնաթանը: Տիգրան Ավետիքյանը մինչ այդ նկարահանել է հիմնականում կարճամետրաժ ֆիլմեր: