Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, հայտնել է TRT Russian-ը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվել 1915թ. իրադարձությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքից, որը նման բացասական արձագանք առաջացրեց Թուրքիայում: Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանին՝ հավաստիացնելով, որ նա չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մասին: Ըստ Les Nouvelles d’Armenie-ի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում Օլանդը կրկին ասել է, որ ցանկանում է, որ համապատասխան օրինագիծ ներկայացվի, որի մասին նա ասել է իր նախընտրական արշավի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահը մինչ ամսվա վերջ հանդիպում կունենա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ՝ քննարկելու համար օրինագծի տեքստի հետ կապված մանրամասները:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, որը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը համարեց «սահմանադրությանը հակասող», այլևս չի ընդգրկվի օրակարգում: