AM
9 July 2012 - 12:36 AMT

Այսօր տեղի կունենա կոմիտասյան համերգաշարի 20-րդ հոբելյանական համերգ-դասախոսությունը

Հուլիսի 9-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա կոմիտասյան համերգաշարի 20-րդ հոբելյանական համերգ-դասախոսությունը: Ծրագրում կհնչեն Կոմիտասի մեներգերը ձայնի (սոպրանո – Անուշ Նազարյան) և դաշնամուրի, դրանց փոխադրությունները ջութակի (ջութակ – Լուսինե Հարությունյան ) և դաշնամուրի, սաքսոֆոնի (սաքսոֆոն – Իշխան Հարությունյան) և դաշնամուրի (դաշնամուր – Արփինե Կալինինա) համար: Երաժշտական կատարումները կընդմիջվեն Արփինե Կալինինայի հեղինակած «Կոմիտասի մեներգերը» երաժշտագիտական աշխատության հատվածներով և մեներգերի բանաստեղծական տեքստերով: Հայ դասական երաժշտության մենակատարների «Կանթեղ» անսամբլը 2012 թվականի կոմիտասյան համերգաշարի 8 համերգ-դասախոսությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Կանթեղ» անսամբլը հիմնադրվել է 2007 թ. երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, ՌԴ-ի «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինայի կողմից: «Կանթեղ» անսամբլի նպատակն է հայ և օտարազգի հանրությանը ներկայացնել հայ դասական երաժշտությունն ակունքներից մինչև մեր օրերը. անսամբլի երկացանկում առանձնակի տեղ են գտել Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Գեղունի Չթչյանի, Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները:

Կազմավորման օրից «Կանթեղ» անսամբլը հանդես է եկել սոպրանո, ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, դաշնամուր կազմով, սակայն ելնելով համերգային ծրագրերի առանձնահատկություններից այն ենթարկվում է որոշակի փոփոխությունների:

2010 թ. մինչ օրս «Կանթեղ» անսամբլը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով իրականացրել է «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարը` 19 կոմիտասյան համերգ-դասախոսությունով, հանդես գալով երևանյան համերգասրահներում և ՀՀ մարզերում: