«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ընթացքում այսօր, հուլիսի 9–ին, Մոսկվա կինոթատրոնում բացվեց ռուս հռչակավոր կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկուն հարգանքի տուրք մատուցելու ծրագիրը:
Ցուցադրվեցին ռեժիսորի մասին պատմող երկու ֆիլմեր`Ալեքսանդր Սոկուրովի «Մոսկովյան էլեգիա» և Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմերը:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը բացման խոսքում նշեց, որ Տարկովսկին իրենց սերնդի համար հոգևոր անկախության խորհրդանիշ է եղել.
«Տարկովսկու ֆիլմերն արտահայտում են ոչ թե ժամանակի մտածողությունը, այլ Տարկովսկին ինքն էր մտածողություն թելադրում ժամանակին: Մենք ժամանակը չէինք տեսնի այնպիսին, ինչպիսին տեսել ենք, եթե չլիներ Տարկովսկու «Հայելին»:
Այս տարի «Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվեն ռեժիսորի մի քանի ֆիլմերը:
Ծրագիրը նվիրված է մեծ ռեժիսորի ծննդյան 80-ամյակին:
Ներկայացվելու են ինչպես ռեժիսորի, այնպես էլ նրա գեղարվեստական ղեկավարությամբ նկարահանված ֆիլմերը: Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею”) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград”) (գեղ.ղեկ.Ա.Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) ֆիլմերը:






