AM
10 July 2012 - 08:26 AMT

Էլդար Շենգելայան ձեռնունայն չէ եկել Հայաստան

Վրացի հայտնի կինոռեժիսոր, վրացական կինոյի դասական Էլդար Շենգելայան դատարկ ձեռքերով չէ եկել Հայաստան: Ռեժիսորը «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է, և ներկայացնում է իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Բացի այդ, նա Փարաջանովի տուն-թանգարանին նվեր է բերել մեծ արվեստագետի լուսանկարները: Շենգելայան, ով շատ անգամ է եղել Երևանում, առաջին անգամ է հյուրընկալվում փառատոնում: Նա նաև Աստծո պարգև է համարում «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը նրան շնորհվել է փառատոնի բացման ժամանակ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շենգելայան պատմեց իր ընտանիքի մասին, իր արմատների և ընկերների մասին: Նա պատմեց նաև Փարաջանով անհատի մասին: Շենգելայան այն անձնավորությունն է, ով Թբիլիսիում կազմակերպեց Փարաջանովի առաջին ցուցադրությունը, այն ժամանակ, երբ մարդիկ վախենում էին բարձրաձայն արտասանել նրա անունը:

«Երբ նախաձեռնեցինք այդ ցուցադրությունը, երկու մարդ եկան ինձ մոտ, և հարցրին, թե ինչու են կազմակերպում այն առանց թույլտվության: Նրանք Ազգային անվտանգութան գրասենյակից էին, և պահանջեցին, որ մինչ ցուցադրությունը նրանք նայեն այն: Փարաջանովը կախեց Լենինի նկարը, և գործակալությունից եկած մարդիկ նայեցին, և թույլ տվեցին բացել այն: Ցուցահանդեսը կայացավ լեփ-լեցուն դահլիճում: Այդքանից հետո Փարաջանովը սկսեց ակտիվ նկարահանել»,-ծիծաղելով պատմեց Շենգելայան: Շենգելայան հիացած է նաև «Շոր և Շորշոր» ֆիլմով, որը նայել է փառատոնի բացման ժամանակ: Շենգելայայի խոսքով, նա արցունքներն աչքերին է դիտել այն: Նա սիրում է նաև հին հայկական ֆիլմերից Դովլաթյանի աշխատանքները, իսկ ժամանակակից հայկական ֆիլմերին ընդհանրապես ծանոթ չէ:

Նա նաև խոստովանեց, որ հայերը շատ մեծ վանդ ունեն Վրաստանի մշակութային կյանքում, և երկու ազգերի միջև համագործակցությունը շատ պտուղներ է տվել: