AM
10 Հուլիս 2012 - 08:56 AMT

«Ոսկե ծիրան». Իրանցի ռեժիսորը գտնում է, որ կինը երբեք և ոչ մի տեղ մինչև վերջ չի բացահայտվել

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է Ահմադ Ռեզա Մոթամեդիի «Ալցհայմեր» ֆիլմը: Ռեժիսորը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆիլմի նկարահանման ժամանակ նրա ասիստենտները հայեր են եղել :

Ֆիլմում գլխավոր հերոսուհին չի հաշտվում իր ամուսնու կորստի հետ և 20 տարիների ընթացքում հայտարարություն տպում, որ փնտրում է ամուսնուն: Սակայն, կնոջ կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ քսան տարի անց հայտնվում է մի մարդ: Ֆիլմում մինչև վերջ հայտնի չէ, արդյոք այդ մարդը կորած ամուսինն է, թե մեկ այլ տղամարդ: Ռեժիսորը դա թողում է հանդիսատեսի դատին:

Նրա կարծիքով, կնոջը մինչ այժմ չեն հասկացել ոչ արևմուտքում, ոչ արևելքում, ոչ անցյալում, ոչ էլ հիմա: Այդ իսկ պատճառով ռեժիսորը որպես գլխավոր հերոս է ընտրել կնոջը:

Նրա խոսքով, իրանական արվեստն ավելի պոետիկ է, և ֆիլմերն էլ են ավելի պոետիկ ստեղծվում: Այդ իսկ պատճառով այն մեծ հաջողություն ունի:

Ահմադ Ռեզա Մոթամեդին արևմտյան փիլիսոփայության և արվեստի փիլիսոփայության գիտությունների թեկնածու է, Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է և էսսեագիր: Հեռուստածրագրերում աշխատելով փիլիսոփայական կինոյի վրա` աշխատել է նաև որպես իրանական ֆիլմերի սցենարիստ: Նրա երրորդ ռեժիսորական աշխատանքը` «Խելագարը փախավ-գնաց» ֆիլմը, Ֆաջր ՄԿՓ-ի գլխավոր մրցանակակիրն է դարձել: 2006-ին և 2010-ին Մոթամեդին աշխատել է Ֆաջր ԿՓ-ի հոգևոր կինոյի ժյուրիում: