ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացների մեկնարկման արարողությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը, նշել է. «21-րդ դարում աշխարհասփյուռ հայությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, համայնքները վերակազմավորման նոր գործընթաց են սկսել և դա կարող է անել այն հայը, ով տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, կարող է համախմբել և առաջնորդել համայնքը: Այս պատճառով է, որ արդեն երկրորդ տարին ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել է այս դասընթացները»:
Ներկաների առջև ելույթ են ունեցել ԵՊՀ-ի երգչախումբը և մշակութային կենտրոնի պարային համույթը:
Միջոցառման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին հանձնել են վերջիներիս ավարտական դիպլոմները:






