AM
11 July 2012 - 09:43 AMT

Սյուզան Խարդալյան. Արվեստը կարող է խնդիր բարձրացնել, բայց չի կարող լուծել քաղաքական հարցեր

Աշխարհի բազմաթիվ երկրներում ցուցադրված «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը մասնակցում է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

58 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է նրա տատիկի պատմությունը՝ կնոջ, որը բազում սպիներ ունի դեմքին ու ձեռքերին՝ մշտապես հիշեցնելով նրան Ցեղասպանության ժամանակ կրած բռնության մասին:

«Արվեստը կարող է խնդիր բարձրացնել, այն չի կարող լուծել քաղաքական հարցեր»,-ասաց Խարդալյանը:

Սյուզան Խարդալյանն ազատ գրող է և կինոգործիչ: Մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմերը:

Խոսելով ֆիլմի հաջողությունների մասին, Խարդալյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ այն ողջ աշխարհում դիտեցին, որովհետև թեման է հետաքրքիր, այն ունի որոշ չափով ինտիմ բովանդաություն, ինչը բոլորին է հետաքրքրում:

Սյուզան Խարդալյանը գտնում է, որ պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց առնչվող թեման:

Ֆիլմի արձագանքները հիմնականում դրական էին, և ֆիլմի ցուցադրությունից հետո Խարդալյանը բազում նամակներ է ստացել, որտեղ հեղինակները նշել են, որ իրենց տատերն էլ են ունեցել նման պատմություն, ունեցել են դաջվածքներ: