«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված Ռենդի Բելի և Էրիկ Խաչիկյանի «Ուղևորություն Ամասիա» վավերագրական ֆիլմը ցույց է տալիս, որ շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցածը շարունակվում է մինչ օրս լարված պահել հայերի և թուրքերի հարաբերությունները: Մեկ ընտանիքի պատմությունից ոգեշնչված ռեժիսորները սեփական ուղևորությունն են ձեռնարկում` դեռևս անհաշտ երկու ժողովուրդների ավելի մեծ փոխըմբռնման հույսով: Ֆիլմը հայ-ամերիկյան համատեղ արտադրանք է և նվիրված է Խաչիկյանի տատիկին մորական կողմից:
Խաչիկյանը, որը մասնագիտությամբ կոմպոզիտոր է, մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ տատիկի հիշատակին նվիրված ռեքվիեմն առիթ հանդիսացավ, որ նա Ամասիա գնա և ֆիլմ նկարահանի:
Ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» փառատոնի հաղթող ֆիլմն է, նախատեսվում է տարվա ընթացքում ցուցադրել նաև մի քանի այլ վայրերում:
«Ես հույս ունեմ էլի վերադառնալ Թուրքիա, հետազոտելու, խոսելու: Մտադրություն ունեմ հաճախ Երևան գալ, պարտադիր չէ կինոյի լեզվով երկխոսության մեջ մտնել»,-ասաց Խաչիկյանը: Նա նաև պատմեց, որ Թուրքայի գյուղերում մարդիկ ջերմ էին, շատ ծպտված հայեր կային: «Սա ինքնին օգնեց հասկանալ, որ հայերը շատ բան ունեն ասելու: Ոստիկանությունը բռնեց մեզ հայկական գերեզմանոցներում և դա ցույց տվեց, որ մարդիկ գիտեին, թե որն է մեր նպատակը»,-հավելեց նա: