AM
11 July 2012 - 10:30 AMT

Բուենոս Այրեսում Հայաստանին նվիրված բացօթյա փառատոն-համերգ է տեղի ունեցել

Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես եկան Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ «Շուշի» պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ և երգիչներ, ինչպես նաև արգենտինահայ համայնքում ճանաչում գտած «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» համույթները:

Միջոցառման շրջանակներում բացվել էին հայ մշակույթին, պատմությանը և խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:

Համերգին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից: