Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսի, և հայտնի իտալացի սցենարիստ Տոնինո Գուերայի հիշատակին նվիրված միջոցառում:
Երեկոն բացեց հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նրանց նվիրված տեսանյութեր: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ասաց, որ մեծ ցավ է, որ այս մարդիկ, ովքեր նվիրված էին «Ոսկե ծիրանին», այսօր չկան, բայց կա նրանց լուսավոր հիաշտակը և նրանց աշխատանքները, որոնք չեն մեռնում, նրանք մեծ հետք ունեն կինոյում, և չեն մոռացվում:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ռուս անվանի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը:
«Սրտանց շնորհակալ եմ փառատոնին, այն հրաշալի մշակութային ակցիա է, որ ունի ոչ պատահական հումանիտար բնույթ: Բոլորը պետք է հասկանան, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր մեծացել ենք այն հողի վրա, որը ստեղծել են մեծ ռեժիսորները: Մենք պետք է նաև խոստովանենք, որ այնքան բան ենք կորցնում, որ չենք կարող լրացնել: Ադ մակարդակի մարդիկ այլևս չեն լինի»,-ասաց Սոկուրովը:
Այսօր Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի է ունեցել նաև Անգելոպուլոսի և Տոնինո Գուերայի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:






