AM
12 July 2012 - 09:41 AMT

«Ոսկե ծիրան». Չիլիացի ռեժիսորը կպատմի իր գյուղում անցկացրած արձակուրդի մասին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված չիլիացի ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմն անցած տարվա ամառային արձակուրդի մասին է իր հարազատ գյուղում, այն վայրերում, որտեղ անցկացրել է իր մանկությունը: «Այժմ իմ տատիկն ու պապիկը չկան, բայց իմ գյուղի հիշողությունները շարունակում են մնալ իմ սրտում»,-ժպիտով նշեց ռեժիսորը: Ֆիլմը նկարահանվել է սիրողական տեսախցիկով:

Ամառային շոգ օրվա ընթացքում Չիլիի հարավում գտնվող առողջարանի հանգստացողների և աշխատակիցների կյանքում մանր-մունր դեպքերն են տեղի ունենում: Խուլիետան, Ֆրանսիսկոն, Իսան, Իգնասիոն, Մարիանան, Մուրիելը, Գաբրիելան, Էլիսեոն, Նորման, Ալեխանդրան և Կլաուդիոն արձակուրդի երկար ժամերն անցկացնում են բնության գրկում: Նրանք քնում են արևի տակ, մեքենա վարել սովորում, հավաքում-մաքրում կացարանը և այլն:

«Ֆիլմի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կյանքի նոր փուլ սկսել: Ֆիլմը շատ փոքր է միջազգային շուկայում հայտնվելու համար: Սա ուղղակի ֆիլմ է, որ կարելի է ներկայացնել մարդկության դատին»,-ասում է ռեժիսորը:

Չիլիում այսօր ֆիլմերի աջակցման երկու հիմնադրամ կա: Ռեժիսորի խոսքով, Չիլիում վերջին տարիներին նկարահանվել է 30-ի չափ ֆիլմ: