AM
12 July 2012 - 14:14 AMT

Վ. Զախարովը կոչ է անում ՌԴ հայ համայնքին ավելի ակտիվ հակազդել ադրբեջանական ապատեղեկատվությանը

Մոսկվայում Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցությունը՝ (ՀԵՄՓԸ) կլոր սեղան էր կազմակերպել «Հայկական սփյուռքի ռեսուրսները տեղեկատվական պատերազմի համատեքստում» թեմայով հայտնի ռուս քաղաքագետ, Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի մասնակցությամբ:

Ըստ նրա, ՌԴ հայ համայնքը, չնայած իր ազդեցիկ քանակին ու ներուժին, ակտիվ չէ Հայաստանի ու սփյուռքի տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում:

Ըստ Զախարովի, Ադրբեջանն ամեն տարի գնալով ավելի շատ միջոցներ է ծախսում ղարաբաղյան հակամարտության առաջացման ու Հարավային Կովկասի պատմության վերաբերյալ իր ստահոդ թեզերը տարածելու համար: Ավելին, Ադրբեջանն ամբողջ հետազոտական ինստիտուտներ է գնել Ռուսաստանում:

Մինչդեռ, հայկական պետությունն ու սփյուռքի կառույցները միջոցներ չեն ծախսում հակաքարոզչության համար: Զախարովը նշել է, թե որքան կեղծված նյութեր կան Մոսկվայի գրախանութներում: Միայն վերջին տարիներին առանձին հետազոտողների ու Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով սկսել են հայտնվել հայանպաստ գործեր:

Կլոր սեղանի մասնակիցները նաև նշել են, որ ՌԴ հայ երիտասարդությունը համախմբված չէ, իսկ հաջողության հնարավոր է հասնել միայն միավորելով ընդհանուր ռեսուրսները:

Նշվեց, որ լեզվաբանական համալսարանի ադրբեջաներեն ուսումնասիրող ռուս ուսանողները ինտեսիվ այցելություններ են ունենում Բաքու, ընդ որում, բոլոր ծախսերն իր վրա է վերցնում ադրբեջանական կողմը: Իսկ հայոց լեզու ուսումնասիրող ուսանողները միայն երազել կարող են մեկ անգամ Հայաստան և Արցախ այցելելու մասին: