«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևը ներկայացել է «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» վավերագրական ֆիլմը: Նա նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում է աշխատում, Ազգագրության և մարդաբանության ինստիտուտում:
Նրա ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Չուկոտկա թերակղզում, որտեղ 37 աստիճան սառնամանիք է, տունդրայում կատաղի քամին է մոլեգնում: Ռուսաստանի արկտիկական գոտու հոյակապ բնապատկերում 72-ամյա Վուկվուկայ նահապետն իր չուկչայական ընտանիքի հետ Ալյասկայից Բերինգի նեղուցով առաջնորդում է իրենց 14 հազար գլուխ եղջերուների հոտը: Լարովի ռադիոն և առևտրականների պատահական այցելությունները չհաշված` մեկուսացման մեջ ապրող ընտանիքը սննդի, ապաստանի և հագուստի առումով կախված է իր եղջերուներից: Ֆիլմը հազվագյուտ ու զարմանալի հայացք է մի աշխարհի, որը դեռ միահյուսված է կյանքի հինավուրց ռիթմերին:
Մամլո ասուլիսում ռեժիսորը նշեց, որ շատ է անդրադառնում տունդրային և Ռուսաստանում բնակվող հյուսիսային ազգերին:
Նա նշեց, որ այս ֆիլմը նաև լուրջ գիտական աշխատություն է, քանի որ անցած դարի առաջին կեսին է վերջին անգամ ուսումնասիրվել եղջերվապահների մշակույթը: Նա նաև գտնում է, որ անհրաժշետ է ստեղծել համապատասխան ալբոմ, որը ֆիլմի հետ կլինի շատ օգտակար գիտական նյութ:






