AM
16 July 2012 - 13:43 AMT

«Ոսկե ծիրանում» հաղթանակն ինձ պարտավորեցնում է վերադառնալ Հայաստան

(?)Սերգեյ, Ձեր ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Ոսկե ծիրան» փառատոնում: Ի՞նչ եք զգում հիմա:

(!)Դե, առաջին հերթին` դա ինձ համար մեծ պատիվ է: Երկրորդ` այժմ արդեն ես պետք է վերադառնամ այստեղ, և, միգուցե, ֆիլմ նկարահանեմ:

(?) Դուք ուզու՞մ եք պատմել Հայաստանի մասին:

(!) Դա ինչ-որ պարտավորվածություն է: Այո, ես արդեն մտածում եմ այդ մասին:

(?) Դուք մասնագիտությամբ մաթեմատիկոս եք: Հաշվարկներ կատարու՞մ եք, երբ նկարահանում եք Ձեր ֆիլմերը:

(!) Կարելի է և այդպես ասել (ծիծաղելով): Ես մանրամասնորեն մտածում եմ սցենարը, հետո նկարահանումների գործընթացը, հետո գտնում եմ դերասանին և տալիս նրան կերպարը: Սա նման է քանդակագործության: Սկզբում ընտրում եմ քարը, հետո սկսում հղկել այն:

(?) Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ժապավենը քի՞չ եք մոնտաժում:

(!) Այո: Մենք երկար ենք պատրաստվում, հետո, ինչպես արդեն գիտեք, ամեն ինչ բավականին արագ ենք անում:

(?) Ինչի՞ մասին է Ձեր հաջորդ ֆիլմը:

(!) Ես աշխատում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ֆիլմի վրա, հետո` կտեսնենք: Ես անընդհատ հետ հայացք եմ գցում պատմությանը: Չէ՞ որ յուրաքանչյուր րոպե մենք վերադառնում ենք պատմությանը:

(?) Այժմ շատ ռեժիսորներ ասում են, որ լավ սցենարներ չկան, դրա համար էլ անդրադառնում են պատմությանը: Ի՞նչ եք Դուք մտածում այդ մասին:

(!) Ոչ, ես չեմ կարծում, որ դա այդպես է: Դեռևս վաղ է այդ մասին խոսել: Ամեն ինչ լավ է:

(?) Իսկ ի՞նչ է Ձեզ համար լավ ֆիլմը:

(!) Լավն է այն ֆիլմը, որը մտքեր է արթնացնում, վատն է` կարելի է ասել, հակառակը: Լավ ֆիլմում չպետք է լինի նաև կոպտություն և պաթոս:

(?) Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք կոմերցիոն ֆիլմը ևս համարվել արվեստի գործ:

(!) Այո, իհարկե: Կան լավ ֆիլմեր, որոնք մեծ գումարներ են վաստակում:

(?) Իսկ որո՞նք են Ձեր ամենասիրած ֆիլմերը:

(!) Չեմ կարող ասել: Դրանք շատ են: Կարևոր չէ` ինչ արտադրության: Գլխավորն այն է, որ դրանք իմ մտքերն արթնացնեն:

(?) Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիք փառատոնին և Ձեր հայ երկրպագուներին:

(!) Լավ ֆիլմեր նայելու հնարավորություն, ինչն իրենից ներկայացնում է երևանյան կինոփառատոնը: Փառատոնին մաղթում եմ նաև երկար կյանք և բարգավաճում: