AM
17 July 2012 - 14:07 AMT

Վ. Բալասանյանի նախընտրական շտաբ. Բալասանյանի վերաբերյալ տարածել են կեղծ լուրեր և զրպարտություններ

ԼՂՀ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ավարտվում է Արցախի նախագահի ընտրությունների քարոզարշավը: Մենք հարկ ենք համարում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում Վիտալի Բալասանյանի անձի դեմ ուղղված անհիմն տեղեկությունների տարածմանը և թեկնածուի վարկաբեկման փորձերին:

Գործող նախագահի նախընտրական շտաբի պետը ընտրողների հետ իր հանդիպումներում Բալասանյանի վերաբերյալ տարածել է կեղծ լուրեր և զրպարտություններ, որոնք վկայում են թեկնածու Սահակյանի թիմում առկա խուճապի մասին: Նույն մարտավարությունը շարունակվել է նաև սոցիալական ցանցերում և որոշ մարգինալ լրատվամիջոցներում«:

«Մենք դատապարտում ենք նաև Բակո Սահակյանի նկարների զանգվածային պատռելու դեպքերը, ինչպես նաև նրա ծաղրանկարների տարածումը Ստեփանակերտի տարբեր շենքերում: Նման արարքները վայել չեն մեր ժողովրդին և չեն նպաստում քաղաքական մշակույթի ձևավորմանը:

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը վստահեցնում է, որ քարոզարշավի ընթացքում Բալասանյանը և նրա կողմնակիցները վարել են կոռեկտ և օրինական քարոզարշավ` ներկայացնելով նախընտրական ծրագիրը, քննադատելով առկա քաղաքականությունը և առաջարկելով փոփոխություններ:

Ցավով փաստում ենք, որ մրցակից թիմը ոչ մի փաստարկ չկարողացավ բերել մեր քննադատություններին` անցնելով վիրավորանքի և ապատեղեկատվության:

Այսօր վերջանում է նախընտրական քարոզարշավը և մենք համոզված ենք, որ Արցախի իմաստուն ժողովուրդը այս ընթացքում կարողացել է տարբերակել ապատեղեկատվությունը իրականությունից և կանի խոհեմ ընտրությունը»,-ասվում է Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ: