ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք կդրսեվորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը` օրերս հանդես գալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զեկույցով` ամերիկա-եվրոպական կապերը թեմայով: Նրա խոսքերով «այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ է, այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը համաձայն չի գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»: Պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ եւ երկուստեք ընդունելի լուծման որոնումը: Անվանելով Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դեպի արեւելք ընդլայնվող ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության «նոր հարեւաններ»` Է.Ջոնսը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ավելի ակտիվ աշխատել այդ պետությունների հետ ՆԱՏՕ-ի մերձեցման համար, որոնք գտնվում են միջազգային ահաբեկչության դեմ պատերազմի առաջնային գծում: «Այդ պետությունները Եվրոպայի կայուն, ժողովրդավարական եւ զարգացող անդամներ դարձնելու համար, ԵՄ-ն պետք է ցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ` ֆինանսական օգնություն այնտեղ ընթացող բարեփոխումներին»,-ասել է է. Ջոնսը: