AM
18 Հուլիս 2012 - 08:02 AMT

Սայաթ-Նովայի արվեստը կներկայացվի ԼՂՀ քաղաքներում և զորամասերում

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը մոտ օրերս կմեկնի Արցախ` հյուրախաղերի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով` համերգները կնվիրվեն մեծ աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին, որը նշվում է ամբողջ տարվա ընթացքում:

Համույթը ելույթ կունենա Ստեփանակերտում, Հադրութում և Շուշիում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում: Թովմաս Պողոսյանի խոսքով` Արցախից հետո իրենք կմեկնեն Ռուսաստան և հայ մեծ աշուղի արվեստը կներկայացնեն նաև ռուսաստանաբնակ հայերին:

Գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ «Սայաթ-Նովան մեծ օվկիանոս է և դարեր են պետք նրան մինչև վերջ ուսումնասիրելու համար»: Բացի այդ, անսամբլը այս տարի կներկայացնի Սայաթ-Նովային նվիրված երկու ժողովածու, որոնցից մեկում կընդգրկվեն աշուղի 31 ստեղծագործությունները, մյուսում` նրան նվիրված ձոն-երգերը:

Հայաստանում և Թբիլիսիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կկազմակերպվի Սայաթ-Նովային նվիրված փառատոն, ինչպես նաև մեծ գիտաժողով: