ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր սկսվել են Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի` Հայաստանում փետրվարի 19-ի կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների բողոքարկման առնչությամբ լսումները: Հիշեցնենք, որ առաջին փուլում 17,7% ձայներ հավաքած Արտաշես Գեղամյանը գտնում է, որ քվեարկության արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի կամքի իրական արտահայտմանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նիստի ընթացքում Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչ Եղիշե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված հիմնական գանգատն այն է, որ հանձնաժողովը վերազանցել է իր լիազորությունները` փետրվարի 20-ին որոշում կայացնելով` նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, հիմնվելով միայն քվեարկության նախնական արդյունքների վրա: Բացի այդ, Արտաշես Գեղամյանի ներկայացուցչի կարծիքով ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք ազդել են փետրվարի 19-ի քվեարկության արդյունքների վրա, ուստի դրանք պետք է չեղյալ համարել եւ նշանակել նոր ընտրություններ: Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԸՀ-ն տասը օրվա ընթացքում չի ներկայացրել դատարանին ընտրությունների վերաբերյալ ընտրատարածքների արձանագրությունների պատճեները, ինչպես նաեւ տեղական դիտորդների եզրակացությունների պատճեները եւ մի շարք այլ փաստաթղթեր, ՍԴ նիստը հետաձգվել է մինչեւ մարտի 18-ը: