AM
18 July 2012 - 14:43 AMT

Շենգավիթի պեղումների ժամանակ պաշտամունքային երկու կառույցներ են հայտնաբերվել

Շենգավիթ հնավայրի պեղումների արդյունքում բացվել են 2 տաճարական շինություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց արշավախմբի ղեկավար, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: Այն թվագրվում է Ք.Ա. 4-3 հազարամյակով, և, Սիմոնյանի խոսքով, մինչ այժմ, հնավայրում չէին հայտնաբերվել պաշտամունքային կառույցներ: Նորահայտ տաճարներն ունեն զոհարաններ, հայտնաբերվել է նաև ատրուշաններից մնացած սրբազան մոխիր: Հնագետը գտնում է, որ Շենգավիթի բնակիչները, հավանաբար, եղել են արևապաշտներ:

Բացի այդ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև 6 շինարարական հորիզոններ, որը նույնպես աննախադեպ է: Խորհրդային ժամանակաշրջանի գիտնականները նշում էին 3-4 հորիզոնի մասին, այսինքն, բնակավայրը 3-4 անգամ է վերաբնակեցվել: Սակայն այս պեղումներն ապացուցում են, որ այստեղ վերաբնակեցումը տեղի է ունեցել 6 անգամ: Սիմոնյանը չի բացառում, որ պեղումները կբացեն նաև 7-րդ հորիզոնը, քանի որ դեռ 1 մետր կա, մայր հողին հասնելու համար: Պեղումները դեռ շարունակվում են, և Սիմոնյանի կարծիքով ցույց են տալիս, որ Շենգավիթն եղել է ավելի բարդ համալիր, քան պատկերացնում էին:

Հայաստանի վաղ երկրագործական ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հնագիտական պեղումները սկսվել են հունիսի 19-ից: Այն իրականացնում են հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախմբեր: Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Սիմոնյանը: