AM
19 July 2012 - 07:52 AMT

Ղրիմում կբացվի «Ղրիմի հայկական եկեղեցիները», Մոսկվայում` «Հայերը Մոսկվային» ցուցահանդեսը

Այս տարի հոկտեմբերին Ղրիմում բացվելու է «Ղրիմի հայկական եկեղեցիները» խորագրով ցուցահանդեսը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Ուկրաինայում հայերի ներդրած ավանդը, մանավանդ, որ այսօր տեղի հայ համայնքը մի քիչ պասիվ է: Ցուցահանդեսը կայանալու է հոկտեմբերի 5-7-ը, վայրը դեռ որոշված չէ, հավանաբար կլինի Սիմֆերոպոլում:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Ղրիմի հայ համայնքի վերաբերյալ փաստաթղթերի պատճեներ:

Ղրիմի ցուցահանդեսը եկող տարի կբացվի Հայաստանում: Երևանում կցուցադրվեն փաստաթղթերի օրիգինալները:

Թբիլիսիում նոյեմբերին կամ դեկտեմբերին բացվելու է քաղաքի հայկական եկեղեցիների մասին պատմող ցուցահանդես:

Վիրաբյանը պատմեց, որ նմանատիպ ցուցահանդես եկող տարի լինելու է Մոսկվայում, Սուրբ Հարություն եկեղեցու նորակառույց թանգարանում: Իսկ այս ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ հայերը վերջին տարիներին չէ, որ հաստավել են Ռուսաստանում: Տնօրենը նշեց, որ նյութերն այնքան շատ են, որ չգիտեն նույնիսկ ինչ ներկայացնեն: Ցուցահանդեսը կկրի «Հայերը Մոսկվային» խորագիրը, որին տրամադրվելու է ռուսական 1.5 միլիոն ռուբլի: Դա նախատեսված է կազմակերպել մյուս տարի մայիսին, ցուցահանդեսի բոլոր նմուշները կհանձնվեն Մոսկվայի հայկական եկեղեցու նորակառույց թանգարանին:

Ցուցահանդեսները կազմակերպելու են Հայաստանի ազգային արխիվը և տեղի արխիվները: