Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռոբերտ Քոչարյանի դիրքորոման մեջ էական փոփոխություններ կկատարվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Այս մասին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` Քոչարյանը հասկանում է, որ «եթե հրաժարվի այդ արմատական դիրքորոշումից, ստիպված կլինի հրաժեշտ տալ իշխանությանը»: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ նոր առաջարկությունների նախապատրաստման հարցին` Գուլիեւը նշել է, որ Ադրբեջանի համար դրանց նոր եւ ընդունելի լինելու մասին կարելի է խոսել միայն դրանց ծանոթանալուց հետո: Նրա կարծիքով, համանախագահներն իրենց առաջարկությունները կներկայացնեն տարածաշրջան առաջիկա այցելության ընթացքում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշմանը` ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Բաքուն բարձր է գնահատում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը, սակայն ոչ միշտ է այդ դիրքորոշումը հետեւողականորեն հաստատվում առանձին պաշտոնյա անձանց կողմից: Որպես օրինակ Գուլիեւը նշել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հայտարարությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին այն մասին, որ «մերձդնեստրյան եւ աբխազական հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, իսկ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իրավիճակը փոքր-ինչ այլ է»: