AM
20 Հուլիս 2012 - 13:55 AMT

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին. Ձեր համոզիչ հաղթանակը հաստատում է Արցախի ժողովրդի պատմական ընտրությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաաղթանակի կապակցությամբ, այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին:

Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն և առկա մարտահրավերներին դիմակայում: Նաև մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: