Կիսլովոդսկում հուլիսի 21-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը կովկասցիների և կազակների պարեկային խմբի հետ, որի արդյունքում երկու մարդ է զոհվել, որից մեկը հայ, տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, ոչ թե ազգային: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net –ի թղթակցին հայ համայնքի ներկայացուցիչները, այժմ իրավիճակը քաղաքում վերահսկվում է, իշխանություններն աշխատում են ազգային համայնքների ու կազակների հետ՝ թույլ չտալու համար, որ անցանկալի զարգացումները վերաճեն ազգամիջյան հակամարտության:
Ըստ ասեկոսեների ու ԶԼՄ-ների հրապարակումների, ծեծկռտուքի արդյունքում 25-ամյա հայ Ջոնիկը դանակի հարված է ստացել սրտին, 18-ամյա վրացի Գիայի կոկորդը կտրել են, ևս մեկ մասնակից Կարաչաևոյից դանակի հարված է ստացել փորին և այժմ կրիտիկական վիճակում հիվանդանոցում է:
Այսօր Կիսլովոդսկում զոհվածների հուղարկավորությունն է:
Ըստ ՆԳՆ նախնական տվյալների, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 15 մարդ: «Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել չորս մարդ տարբեր աստիճանի բարդության վնասվածքներով: Զոհվածների մասին տվյալներն այժմ ստուգվում են»,-«Գազետա.ռու»-ն մեջբերում է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ ՊՎ պետ Եվգենի Առնաուտովի խոսքը:
Հուլիսի 22-ին Կիսլովոդսկում տեղի ունեցավ քաղաքի ազգային խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ ազգային համայնքների ղեկավարները ստորագրեցին հայտարարությունը, որով կոչ են անում թույլ չտալ, որ զանգվածային ծեծկռտուքը վերաճի ազգամիջյան բախման: Արտահերթ նիստին մասնակցել են ՀԴԲ, դատախազության, Ստավրոպոլի երկրամասի վարչակազմի ու կառավարության ներկայացուցիչները:
Փաստաթուղթը ստորագրել են «Համագործակցություն» ազգային ՀԿ-ների միությունը, «Սլավոններ» ընկերակցությունը, Կիսլովոդսկի «Ալան» ՀԿ-ն, հայկական «Կռունկ» ազգային-մշակութային ինքնավարությունը, Կիսլովոդսկի քաղաքային ազգային-մշակութային «Իվերիա» ինքնավարությունը, ադրբեջանական «Արազ» կազմակերպությունը այլ հասարակական կազմակերպություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: