Այսօր` հուլիսի 24-ին Լատվիայի Յուրմալա քաղաքում բացվելու է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը:
Այս տարի մրցույթին մասնակցելու են 14 երկրի 16 երգիչներ, Հայաստանը ներկայացնելու է Սուրեն Առուստամյանը:
Համաշխարհային հիթերի օրն Առուստամյանը կատարելու է Էրիկ Քլեփթոնի Change the world երգը, ազգային երգի ներկայացման օրը կկատարի «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը` սեփական մեկնաբանութամբ: Սուրենը մեկ երգ կկատարի նաև սեփական երգացանկից:
Մրցույթի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 29-ին: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»:
Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է:
Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:
2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: