AM
25 July 2012 - 08:13 AMT

Փոխվել է Սուրեն Առուստամյանի «երկրի հիթը» «Նոր ալիք» մրցույթում

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթում փոխվել է Սուրեն Առուստամյանի երկրի հիթերի օրը կատարվելիք երգը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան փուլի պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: Նրա խոսքով, հանրահայտ «Ով սիրուն, սիրուն» երգի փոխարեն Սուրենը կկատարի Անդրեի «Իմ սերը քեզ» երգը: Մամլո պատասխանատուի խոսքով, այն ամբողջովին նոր մեկնաբանությամբ է լինելու, որի գործիքավորմամբ զբաղվել է Նիկ Եգիբյանը:

Մրցույթը բացվել է Յուրմալայում հուլիսի 24-ին և կշարունակվի մինչև հուլիսի 29-ը: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: