Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) երիտասարդական թեևը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի ազատազրկման վերաբերյալ, որոնց համարում է «քաղբանտարկյալներ»:
«Այս խայտառակ դատավարությունը, դրան պատշաճող ոստիկանների կեղծ վկայություններով, անհիմն մեղադրանքներով ու կամակատար դատավորներով, կրկին գալիս է ապացուցելու, որ ՀՀ իշխանությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, պատրաստ չեն մտնել քաղաքական պայքարի օրինական դաշտ»,-ասվում է ՀՀՇ հայտարարության մեջ:
ՀՀՇ-ն կոչով դիմում է հայտարարության տակ ստորագրած բոլոր երիտասարդական թևերին և հասարակական-քաղաքական կազմակերպություններին՝ հավատարիմ մնալ համատեղ արձանագրված արժեքներին ու սկզբունքային դիրքորոշում հայտնել երիտասարդներին ապօրինի դատապարտելու փաստի առնչությամբ:
Նշենք, որ հռչակագիրը ստորագրել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական թևերը:
Ինչպես ասել է ՀՀՇ երիտասարդական թևի Գործկոմի անդամ Արշակ Մուսախանյանը, նրանք միջոցառումների ծրագիր ունեն ձերբակալված ակտիվսիտների իրավունքները պաշտպանելու համար:
Իր հերթին Գործկոմի մեկ այլ անդամ Արման Գալոյանը նշել է, որ «ՀՀՇ-ն այդ հարցն այդպես չի թողնի և կարծարծի նաև միջազգային ասպարեզում»: Ըստ նրա, «քաղբանտարկյալների» մասին դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական ազատականների, ժողովրդավարաների ու բարեփոխիչների կուսակցություն (ELDR), Եվրոպայի երիտասարդ ազատականների կազմակերպությանն ու Երիտասարդ ազատականների միջազգային ասոցիացիա:
2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:
«Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը վճիռ է կայացրել, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:






