AM
25 July 2012 - 11:08 AMT

Հարություն Շատյանն աշխատում է իր նոր` «Մեր» մասին պատմող ֆիլմի վրա

Մինչ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի «Մեր» աշխատանքային անվանումով 30 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց ռեժիսորը: «Ֆիլմը մեր մասին է և բոլորի համար, հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել իրենց կողքից»,-ասաց Շատյանը:

«Ֆիլմում հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ ցանկացած մեծ խնդրի սկզբնաղբյուրը դա շատ փոքր ու խնդիր չթվացող երևույթն է»,-շարունակեց նա: Ֆիլմի պրոդյուսերն է Գրիգոր Հայրապետյանը, ով աշխատել է նաև «Բեռնելով կյանքս» ֆիլմի վրա:

Շատյանը, ում մեծ ճանաչում բերեց «Բեռնելով կյանքս» ֆիլմը, ցանկանում է «Մեր» ֆիլմը նույնպես ներկայացնել տարբեր փառատոներում: Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:

Հարություն Շատյանը ծնվել է 1985 թվականին: Զինծառայությունից հետո` 2006-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: «Բեռնելով կյանքս» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը դարձավ «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը, ինչպես նաև արժանացել էր «Նուարդ» և Բրիտանական խորհրդի մրցանակներին: Բացի այդ, ֆիլմն անցած տարի մասնակցել է Անապայի «Կինոշոկ» փառատոնին, իսկ Մինսկի միջազգային «Լիստապադ» կինոփառատոնում արժանացել է միանգամից երկու` «Միր» հեռուստաընկերության «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» հատուկ և կինոփառատոնի «Փնտրտուքի և ռիսկի համար» մրցանակներին: