AM
25 Հուլիս 2012 - 11:29 AMT

Օգոստոսին Հայաստանում կշարունակվեն որմնանկարչությանն առնչվող դասընթացները

Որմնանկարների վերականգնման մասնագետ Էլիզաբետա Կաննան հուլիսի 28-ից-օգոստոսի 11-ը կայցելի Հայաստան: Այդ օրերին կսկսվի որմնանկարչության տեխնիկաներին նվիրված դասախոսության հերթական շարքը: Դասընթացի հաջորդ փուլը կապված կլինի Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման եզրափակիչ աշխատանքների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանման և ամրակայման համար» տեխնիկական պայմանագրով հունիսի 22-25-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում անցկացվեցին որմնանկարների վերականգնմանը և պահպանմանը նվիրված դասընթացներ: Դասընթացին մասնակցել է 18 ուսանող:

Իտալիայից ժամանած մասնագետներ Աննա Լուկինին և Էլիզաբետա Կաննան դասախոսություններ կարդացին որմանկարի տեխնիկայի, ախտորոշիչ հետազոտությունների, քայքայման, վերականգնման և պահպանման մեթոդների վերաբերյալ: Դասընթացը կազմակերպել էր Միլանի պոլիտեխնիկը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի, «ԻԿՕՄՕՍ»/Հայաստան ՀԿ-ի և «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: