Վանո Սիրադեղյանը կվերադառնա այն ժամանակ, երբ արդար դատավարություն ապահովվի նրա գործով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Նա նշել է, որ ՆԳՆ նախկին ղեկավարը չի խուսափի պատասխանատվությունից և պատրաստ է կանգնել դտարանի առջև ու բացահայտել այն իրողություններից շատերը, որոնք կապված են ինչպես իր, այնպես էլ այլ անձանց հետ:
Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է իր պետը հեռացել Հայաստանից՝ ասելով, որ վերջին անգամ նրա մեկնելու օրն է շփվել Սիրադեղյանի հետ, երբ երկու մեքենայով հասցրել է նրան ՀՀՇ շենքից մինչև նրա Մյասնիկյանի պողոտայում գտնվող տունը: Այնտեղ Սիրադեղյանը հանձնարարեց նրան թիկնապահներին տուն ուղարկել, քանի որ հասկանալի էր, որ իր բնակարանը հատուկ ծառայությունների հսկողության տակ է: Սիրունյանը հայտնեց, որ այնուհետև ուղեկցել է Սիրադեղյանին X կետը, որից հետո նրանից ոչ մի տեղեկություն չի ստացել: Ըստ նրա, այդ X կետը Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց էր: Վանո Սիրադեղյանի վերջին խոսքերն էին. «Միասին մնացեք, ոչ մի բանի մասին մի մտածեք, իմ ձեռքերը մաքուր են»:
Սիրունյանը պատմել է նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել, որի պատճառով նրան 5 օր պահեցին ոստիկանության բաժանմունքում: Ըստ նրա, նրա վրա փորձարկեցին «Ստի դետեկտորը», որը հատուկ բերվել էր «հոկտեմբերի 27-ի» գործի համար, և նրան հաջողվեց խաբել սարքը:
Լրագրողների այն հարցին, թե չի վախենում արդյոք նման հայտարարություններ անել, Սիրունյանն ասաց, որ ոչ, քանի որ արդեն 12 տարի է անցել:
ՀՀ ՆԳ նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաազդեցիկ զինակիցներից էր ու ՀՀՇ ականավոր գործիչ:
Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ 1992-94թթ.: 1998թ. Լևոն Տեր-Պտրեոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: 2000թ. Սիրադեղյանը փախավ Հայաստանից և այժմ միջազգային հետախուզման մեջ է:






